Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո մի քանի օր փակվեց տեխնիկա վաճառող «Ռեդսթոր» խանութների ցանցը: Դրանք բացվեցին այսօր երեկոյան միայն:
«Փակեք այդ խանութը, ձևը գտեք, փակեք այդ խանութը», -անցած հինգշաբթի էր վարչապետը ուղիղ եթերում ՊԵԿ նախագահին ցուցում տվել փակել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի խանութ, որը վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին ապրանքը վաճառելիս երկու տարբեր գին էր առաջարկել՝ մեկը կանխիկի, մյուսը՝ անկանխիկի դեպքում:
Նիստից հետո շատերը հիշեցին Փաշինյանի մեկ այլ՝ «կառավարությունը ես եմ» արտահայտությունը՝ զարմանք հայտնելով, թե ինչու է առանց ՊԵԿ-ի վարչարարության բիզնես փակելու հրահանգ իջեցնում:
«Մանթաշյանց» բիզնես ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը բիզնեսը փակելու վարչապետի հրահանգը համարում է օրենքի սահմաններից դուրս գործողություն. «Ավտորիտար մեսիջ է»:
Միրաքյանի խոսքով՝ եթե խախտումներ էին հայտնաբերվել խանութների ցանցում, ապա պատասխանատուները պետք է գործեին օրենքով՝ տուգանեին, բայց ոչ թե գնային ծայրահեղ այս քայլին:
«Ես վստահ եմ՝ Քննչականը բոլորին փակելու ձևը կարող է գտնել, եթե այդպիսի հրահանգ իջնի: Հետո դե կարող է դատարանով ապացուցվել, որ դա սխալ էր և այլն, բայց դա կլինի 3-5 տարի հետո, երբ որ ներկա փակելն արդեն էլ կարևոր չի լինելու», - նշեց Միրաքյանը:
Իսկ ինչպե՞ս են զարգացել իրադարձությունները. Փաշինյանի հայտնի հրահանգի հենց նույն օրը Քննչական կոմիտեն կապարակնքել է «Ռեդսթորի» բոլոր խանութները, բայց ոչ թե նոր քրեական գործ հարուցելով ու փորձելով պարզել, թե այդ ինչ խախտումներ է հայտնաբերել վարչապետի աշխատակազմը, այլ դարակներից հանելով հին՝ 2024-ին հարուցված մի գործ ու հենց կատարել վարչապետի ցուցումը:
«Համաձայն ենք, որ խանութը սխալ է և այդ սխալի համար պետք է պատժվի, բայց պետք է պատժվի օրենքի սահմաններում, ոչ թե հրահանգով օրենքում այնպիսի կետ գտնելով, որ այդ հրահանգի կանոնները կատարվեն», - շեշտեց Վահրամ Միրաքյանը:
Ինչո՞ւ ՔԿ-ն խանութներից ցանցը չէր փակել անցած տարի, բայց արեց դա Փաշինյանի՝ «ձևը գտեք, փակեք» հրահանգից հետո: Քննչականից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ հարկերը, տուրքերը չվճարելու հոդվածով հարուցված գործի շրջանակում 2024 թվականից մինչև այսօր իրականացվել են բազմաթիվ գործողություններ, և հայտնաբերվել են թերհայտարարագրման դեպքեր: Ընկերության մասնաճյուղերը կապարակնքվել են, կատարվում են ընթացիկ գույքագրումներ, չափագրումներ:
Վահրամ Միրաքյանը, որ չի արդարացնում բիզնեսի կողմից օրենքի խախտումները, այսուհանդերձ հարց է բարձրացնում՝ ո՞րն է պետության օգուտը բիզնեսը փակելու դեպքում. «Այդ խանութի փակե՞լն է պետության համար օգտակար, թե՞ անօրինական աշխատելը: Խանութը, ենթադրենք, ունի 30 աշխատող, այդ 30 աշխատողների հիման վրա տարեկան տալիս է այսքան հարկ: Հիմա մի ամսով փակեցին, այդ խանութը ինչքա՞ն հարկ չտվեց»:
Փաշինյանի հրահանգի հասցեատերը՝ Պետական եկամուտների կոմիտեն, իր հերթին, այսօր իր տարածած հաղորդագրությունում պարզաբանել է, որ «Ռեդսթորն» իրենց ուշադրության կենտրոնում է, իրենք դեռ 2024-ին են պարզել, որ ընկերությունում կա ստվերային շրջանառություն, չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 95 մլն դրամի հարկ: Բացի այդ, «Ռեդսթոր»-ի հետ փոխկապակցված հիմնական՝ «Նոութբուք սթորն» այլ հարկ վճարողի անվան տակ է նաև գործել՝ օգտվելով բարենպաստ հարկային պայմաններից: Սրա հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 64 միլիոն դրամի չափով վնաս:
«Ռեդսթորի» սեփականատեր Արման Գյուրջիյանն այսօր տարածած հայտարարությունում չի անդրադարձել այս մեղադրանքներին, ոչ էլ մեկ տարի առաջ հարուցված գործով հիմա իրենց ցանցը փակելուն: Ընդամենը պարզաբանել է՝ իրենց նպատակն է գործել օրենքի սահմաններում:
«Էլեկտրոնիկայի ոլորտում ընդունված պրակտիկա է նույն ապրանքի տարբեր արժեքների կիրառումը՝ կախված վճարման եղանակից, տարբերությունն էլ պայմանավորված է անկանխիկ վճարումների դեպքում բանկերի կողմից կիրառվող միջնորդավճարներով։ Միևնույն ժամանակ՝ 300 հազար դրամից բարձր վճարումները իրականացվում են տերմինալի միջոցով», - ընդգծել է նա:
«Ռեդսթոր» և «Նոութբուք սթորի» հիմնադիրը փաստացի ընդունել է, որ ապրանքները կանխիկի և անկանխիկի դեպքում տարբեր գներ ունեն:
«Մանթաշյանց» բիզնես ակումբի նախագահը, սակայն, պնդում է՝ ապրանքը կարող են երկրորդ գնով վաճառել բացառապես ապառիկի դեպքում, կանխիկի և անկանխիկի դեպքում գինը պետք է նույնը լինի: