TRIPP-ի թեմայով դռնփակ քննարկում Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների հետ Վաշինգտոնում դռնփակ քննարկում են անցկացրել՝ «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով։

«TRIPP-ը այն գործիքն է, որով մենք այդ խաղաղությունը դարձնում ենք կայուն՝ տարանցիկ ճանապարհը վերածելով համատեղ բարգավաճման շարժիչի», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Վինայ Չավլան՝ հավելելով,- «Ամերիկյան ընկերություններն ու կապիտալը կարևոր են այդ տեսլականի համար, և գործող վարչակազմը հանձնառու է ապահովել նրանց մասնակցությունը»։

«Նախագահ Թրամփի ղեկավարության շնորհիվ է, որ մենք կարողացանք զարգացնել խաղաղության այս հնարավորությունը», - ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով.- «ԱՄՆ ներգրավվածությունը կօգնի այս նախաձեռնությունը վերածել շոշափելի օգուտների Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների համար»։

Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն իր հերթին պնդել է, թե «Բաքուն վաղուց է առաջ մղում համագործակցության սկզբունքները»՝ հավելելով.- «Մենք պետք է արագ շարժվենք։ Կարևոր է ապահովել TRIPP-ի դերը որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչ»։

Հանդիպումը կազմակերպել է Ադրբեջան-Միացյալ Նահանգներ առևտրի պալատը, որի ղեկավար Նատիգ Բախիշովն ընդգծել է՝«TRIPP»-ը սովորական տարանցիկ ծրագրից ավելին է՝ այն մեկ ռազմավարական շրջանակի մեջ է միավորում ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները, տարանցման պայմանների համակարգումը և մասնավոր հատվածի մասնակցությունը։

Մասնավոր ընկերությունները, այդ թվում՝ Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը, ըստ հաղորդագրության, հաստատել են իրենց հետաքրքրությունը տարածաշրջանային նոր ներդրումային հնարավորությունների նկատմամբ, Ադրբեջան-Միացյալ Նահանգներ առևտրի պալատն էլ վերահաստատել է կառավարությունների ու մասնավոր հատվածի միջև երկխոսությունն առաջ մղելու հանձնառությունը՝ «TRIPP-ի հաջող իրականացմանը և երկարաժամկետ ազդեցությանը աջակցելու համար»։

Հայաստանյան կամ վաշինգտոնյան այլ աղբյուրներ այս հանդիպման մասին որևէ տեղեկություն դեռ չեն տարածել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը ակտիվ աշխատում է, որպեսզի «TRIPP երթուղին» հարգի Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպան Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում էՄոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ«TRIPP ուղի» նախագիծը ունի լիարժեք ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ. Փաշինյան